Որոտման Որդիների՝ Հակոբոս Գլխադիր Առաքյալի և Հովհաննես Ավետարանիչի տոնը Երուսաղեմում
- Ներսեհ Ա. Ա.
- Jan 12, 2018
- 2 min read

Հունվարի 11-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տոնեց Որոտման որդիներ՝ Հակոբոս Գլխադիր առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնը: Այս տոնը «Ավագ Տոներ»-ից վերջինն է: Այն համարվում է Երուսաղեմի առաքելահաստատ Սուրբ Աթոռի տոնը և տոնախմբվում է շքեղ հանդերձանքով: Ս. Եկեղեցին խորհրդավոր կարգադրությամբ սահմանել է, որպեսզի այդ տոները կատարենք նոր տոմարով՝ Դեկտեմբեր ամսվա վերջին, իսկ հին տոմարով Հունվար ամսվա սկզբին, անշուշտ այն գիտակից համոզմամբ, թե ավագ տոների սրբերից ոմանք իբրև Փրկչի մեձավոր ազգականներ և ոմանք իբրև ժամանակակիցներ, կարծես թե նախակարապետներ կամ առաջնորդներ են Հիսուս Քրիստոսի հրաշալի Ս. Ծննդյան: «Ավագ Տոներ», այս տարի ևս, իրենց հատուկ հանդիսավորությամբ տոնվեցին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում: Որոտման Որդիների տոնի հանդիսավոր Ս. Պատարագը մատուցեց Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հայրը, որ Պատարագից անմիջապես հետո հանդիսապետեց նաև մեծահանդես թափորին: Պատարագի ընթացքում Պատրիարք Սրբազան Հօրը սպասարկեցին՝ Դիվանապետ՝ Հոգեշնորհ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և Կալվածոց փոխտեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը իսկ խնկարկու բուրվառակիրներն էին Պատրիարք Սրբազան Հօր գավազանակիր և աձնական քարտուղար՝ Հոգեշնորհ Տ. Ներսեհ աբեղա Ալոյանը և Սուրբ Աթոռի մատակարար՝ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Գոգչյանը: Տոնից մեկ օր առաջ Գանձատնից դուրս էին բերվել թանկարժեք սպասքներ, ոսկե կանթեղներ, ոսկեձույլ սկիհներ և ակնապարուր ավետարաններ, որոնցով զարդարվել էին Գլխադրի շարժական խորանը: Ավագ տոների սրբերը, որպես Փրկիչ Հիսուսի սուրբծննդյան նախակարապետներ կարծես ազդարարում են, թե մոտ է Աստվածորդու հրաշալի Ս. Ծնունդը: Նրանք առաջընթացներ են՝ թե պիտի գա Մեսիան «ի ծնանիլ փառաւորապէս ի Սրբոյ Կուսէն Մարիամայ»: Գալով Զեբեդիոսի որդի Հակոբոսին ու իր եղբորը՝ Հովհաննեսին, պետք է նշել, որ իրենց ըմբոստ նկարագրի համար կոչվել են նաև «Որոտման Որդիներ»: Հակոբոսը միակ առաքյալն է, որի նահատակության մասին խոսում է Ս. Գիրքը: Նա հանդիսանում է առաքյալների խմբի առաջին նահատակը: Հակոբոս առաքյալը հայերի շրջանում ծանոթ է որպես «Գլխադիր Առաքյալ»: Ըստ ավանդության Գլխադիր Առաքյալի մարմինը նետվում է Հոպպեյի (Յաֆա) ծովը և ալիքները նրան տանում են Իսպանիայի ծովեզերքը: Մեկ այլ ավանդության համաձայն նրա գլուխը բերվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս՝ Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին, որ թաղում է այն իր տան պարտեզում: Ս. Հակոբյանց Տաճարի, փոքր մատրան մեջ ակնհայտ երևում է գլխի թաղված տեղը, որ ասում ենք նաև «Գլխադիր»: Հովհաննես Ավետարանիչը միակ առաքյալն է, ով չի նահատակվել, այլ վախճանվել է իր մահով: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Պատմոս կղզում, որտեղ և գրել է իր «Հայտնություն» գիրքը:














Comments