Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Mar 21, 2018
- 1 min read

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»:
Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Ընդունված կարծիքի համաձայն ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23–րդ դարում: Դրանց հեղինակը բանաստեղծուհի-քրմուհի Էն Հեդու Անան է՝ աքքադական թագավոր Սարգոնի դուստրը։ Արքայադուստրը գրել է Նաննե Լուսնի աստծո և նրա աղջկա՝ կորած աստղ Ինաննեի մասին:
Պոեզիան իր ձևի մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները, ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն է տալիս: Այն ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, այն արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը».
Իսկ ահա ժողովրդական խոսքն ասում է . «Մինչև 19 տարեկանը ամոթ է ոտանավորներ չգրելը, իսկ 19 տարեկանից հետո՝ ամոթ է դեռ ոտանավորներ գրելը»:
19-րդ դարի ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էժեն Դելակրուան ասել է. «Առանց պոեզիայի արվեստ չկա»:
Commentaires