top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 1, 2018
  • 1 min read

Բրիտանական թանգարանի հայ այցելուներից յուրաքանչյուրը փորձում է բազմաթիվ սրահներում նախևառաջ գտնել The Satala Aphrodite գրառումով բրոնզե գլուխը, որը թվագրվում է մ.թ.ա. 200-100 թվականներով։ Շատերը պնդում են, որ դա հայկական դիցաբանության պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի Անահիտի քանդակի գլուխն է։

Մայր աստվածուհու պատկերը քաջ ծանոթ է հայերին. այն պատկերված էր հին նմուշի 5 հազարանոց թղթադրամի վրա։ Բացի այդ, Անահիտին է նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին ոսկյա հուշադրամը, որը 25 հազար դրամ անվանական արժեք ուներ ու թողարկվել էր 1997 թվականին։ Աստվածուհու քանդակի պատճենը ցուցադրվում է Երևանի պատմության թանգարանում։

Իրականում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե որ ժողովրդին է պատկանում Սադաղի (հին Սատալա, Երզնջան (Երզնկա) ժամանակակից քաղաքի մոտակայքում) մոտ հայտնաբերված գլուխը։ Բանն այն է, որ այդ հողը հիմա Թուրքիայի տարածքում է, իսկ ժամանակին Հայաստանի մի մասն է եղել։

Մի կողմից բրոնզե գլուխը ուշ հելլենիզմի ստեղծագործություն է, բայց մյուս կողմից էլ` Հայաստանում մ. թ.ա. I դարից մինչև մ.թ. III դար գլխավոր աստվածուհի Անահիտը մեծ սեր է վայելել։ Նրա պաշտամունքը տարածում է ստացել կռապաշտության ու հելլենիզմի ժամանակաշրջանում։ Նրան բազմաթիվ տաճարներ են նվիրել։ Հայկական համառոտ հանրագիտարանի համաձայն` աստվածուհու գլխավոր սրբավայրը եղել է հենց Երզնկա քաղաքի գլխավոր տաճարում։ Հենց այդ պատճառով էլ գավառը կոչվել է Անահիտական։

Պետք է նշել, որ մ.թ. ա. 34 թվականին հռոմեական զորապետ Մարկ Անտոնիի զինվորները թալանել են տաճարը ու իրար մեջ կիսել ոսկե քանդակը։ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական տաճարներ են եղել նաև Արտաշատում, Արմավիրում, Բագարանում…

Քանդակի գլուխը 1872 թվականին գտել է մի թուրք գյուղացի։ Թերևս, չկարողանալով ըստ արժանվույն գնահատել գտածոն, նա փոքր գումարի դիմաց վաճառել է քաղաքաբնակ կոլեկցիոներին։

Հետո ձեռքից ձեռք անցնելով` բրոնզե գլուխը հայտնվել է իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելլանիի մոտ, որը վաճառել է Բրիտանական թանգարանին։

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page