top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 30, 2018
  • 2 min read

«Արտույտների ագարակը» վեպը մեծ թափով տարածվեց աշխարհով մեկ ու անգամ էկրանավորվեց։ Տավիանի եղբայրները 2007 թվականին ներկայացրին համանուն ֆիլմը, որը ցուցադրվեց տասնյակ երկրներում։ 2016 թվականին վեպի հեղինակ՝ Անտոնիա Արսլանը, ներկայացրեց «Մշո գիրքը» վեպի հայերեն տարբերակը: Ի՞նչն է դրդում իտալացի հեղինակին երկրորդ անգամ անդրադառնալու 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը։ Նրա խոսքով իր պապը հայ է եղել, ով 1800-ականների վերջին Խարբերդից տեղափոխվել է Իտալիա՝ սովորելու Վենետիկի Մուրադ Ռաֆաելյան վարժարանում, հետո ընդունվել է բժշկական համալսարան, դառձել հայտնի վիրաբույժ, հիմնել դպրոց: Հետո ամուսնացել է իտալացի կոմսուհու հետ ու վերջնականապես հաստատվել Իտալիայում:

Նրա պապն ունեցել է չորս եղբայր` բոլորն էլ բժիշկ։ Մեկն ապրել է Հալեպում, մյուսը՝ Դամասկոսում։ Այն եղբայրները, որոնք մնացել էին Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին սպանվեցին։

Այսօր արդեն հայկական արմատներով իտալուհու հոգու կանչն է մղում անդրադառնալ ավելի քան մեկդարյա վաղեմություն ունեցող ոճրին։

«Իմ կարծիքով ողբերգությունը պատմելը բավարար չէ։ Կարևորը ցույց տալն է, որ ցանկացած պատմության մեջ կա լավն ու վատը։ Ուզում եմ ցույց տալ, որ անգամ վատթարագույն իրավիճակներում բարու հատիկ կա, և կարելի է տեսնել հույսի թելը։ Պատմության առավելությունն այն է, որ ցույց եմ տալիս ոչ միայն ողբերգությունը, այլև եղելությունն ամբողջությամբ»,- ասել է Արսլանը։ «Մշո գիրքը» գրելու համար Անտոնիա Արսլանին ոգեշնչել է հայկական ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը` «Մշո ճառընտիրը»։ Գիրքը կարդալիս նկատելի է նրա անթաքույց հետաքրքրությունը ձեռագիրը փրկելու պատմության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ձեռագրի մի մասը գաղթական քույրերը, կրելով իրենց մեջքին, մեծ դժվարությամբ հասցրել են Երևան։

Տեղեկությունների հավաքագրման համար Արսլանին օգնեց մշեցի կնոջ հետ հանդիպումը Միացյալ նահանգներում։ Գոհար անունով կինը պատմել է նրան բոլոր մանրամասներն ու երգել հին հայկական երգեր։

«Այս դեպքերը, լուսանկարները, ինչպես նաև վերջերս ընթերցած որոշ գրքեր արթնացրին ներսումս թաղված հիշատակներն ու երկար տարիներ առաջ Հալեպում լսած պատմությունների հիշողությունները։ Արդյունքում ծնվեց այս պատմությունը։ Թող համբերատար ընթերցողն այն ընդունի ինչպես Հայաստանի պտուղ, ձմռան նուռ կամ քաղցր ծիրան համտեսի…»,-«Մշո գիրքը» վեպում գրել է հեղինակը։

Վեպում Արսլանը գրում է` հայ ժողովուրդը սովոր է գլուխ խոնարհելու, երբ սկսվում է հալածանքը, սուզվելու անթափանց լռության մեջ, թաղելու հոգսերն ու մտածմունքները, իսկ փոթորկից անմիջապես հետո` խոնարհված, բայց չկոտրված, մեղմ զեփյուռից օրորվող ցորենի հասկերի պես կամաց-կամաց վեր հառնելու։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page