Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 14, 2018
- 1 min read

Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ բլրի վրա, կա մի խոնարհված եկեղեցի:
Պատի վրայի արձանագրությունը փաստում է, որ եկեղեցին կառուցվել է 1861 թվականին, սակայն եռանավ բազիլիկ կառուցվածքով ավելի շատ պատկանում է վաղ միջնադարին:
Պահպանված կամարներն ու սյուները, դեպի խուց տանող գաղտնի անցուղիները ևս վկայում են, որ կառույցը շատ ավելի հին է:
Տարածված կարծիք կա, որ եկեղեցին կառուցվել է 1861 թվականին, բայց Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» ստեղծագործության մեջ (որը գրվել է ավելի վաղ) տեղեկություն կա այն մասին, որ Հոռոմ գյուղն ունի կիսավեր եկեղեցի, ու, բացի այս տեղեկությունից, գիտական ճշգրիտ տեղեկություն չկա, այդ պատճառով էլ ենթադրվում է, որ 1861-ը եկեղեցու վերականգման թվագրությունն է:
Եկեղեցին իր ճարտարապետական ոճով շատ ընդհանրություններ ունի Ապարանի «Սուրբ Խաչ» եկեղեցու հետ. երկուսն էլ եռանավ բազիլիկ եկեղեցիներ են, իսկ ճարտարապետության մեջ 4-րդ դարն է ընդունելի համարել այս ոճի ժամանակաշրջան: Այս եկեղեցին իր հորինվածքով ոսկեդարյան շրջանի ճարտարապետական դպրոց է իր մեջ պարունակում:

Պատի մեջ տեղադրված կճուճները միջնադարում 3 տարբեր նպատակով են օգտագործվել եկեղեցաշինության մեջ: Տիրապետելով ճարտարապետական ու շինարարական գաղտնիքներին՝ միջնադարում կճուճներով լուծել են եկեղեցիների և՛ ձայնադարձման, և՛ ջերմամեկուսացման, և ՛ կոնստրուկտիվ հարցերը: Ջերմամեկուսացման նպատակով կճուճները դրվել են եկեղեցու արտաքին պատերին, ներսում տեղադրված կճուճները ձայնադարձման հետաքրքիր դեր են կատարել:
Ի հավելումն այս երկու ենթադրության` կա նաև ավելի տարածված կարծիք ՝ կճուճները միջնադարում շինարարության մեջ օգտագործվել են ծանր կոնստրուկցիաների բեռնաթափման համար: Նման կճուճներ ունի նաև Թեղուտի եկեղեցին:
Այսօր իր մեջ դարերի գաղտնիք պարունակող Հոռոմի եկեղեցին կիսավեր է:

Comments