top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Nov 20, 2018
  • 2 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բալլադ

Սա մի պատմություն է,

որ սկսվել է վաղուց և ուր որ է վերջանալու է:

Սա մի պատմություն է՝

արված քարերի և ծաղիկների ֆոնի վրա

և գոռացող կոկորդի ամենավերջին լարով:

Սա մի պատմություն է,

որտեղ քիչ է մնում կտրվի կիթառի լարը,

պայթի թմբուկը, պատառոտվի պղինձը փողի,

տրաքվի երգողի սիրտը:

Սա մի պատմություն է, որտեղ պատճառաբանվում է

ինքնասպանի ուրվականի թափառումը ամայի ջրերի վրա,

որտեղ բացատրվում է, որ անտառների

ոգիների մատը խառն է մեր սենտիմենտալության մեջ:

Սա մի պատմություն է, որը սկսվել է այն բանից,

երբ քամին քսվել է ծառերի ճյուղերին,

և հանկարծակի արթնացել է քնից սպանված զինվորը,

ու կապիկը իջել է ծառից

և նստել է գլուխն առած ափերի մեջ:

Էլ ինչ ավելորդ ձևականություններ,

սա մի պատմություն է, որտեղ երգվում է սերը,

և մնացած բոլոր գործիքները լռում են,

սպասելով երջանիկ առիթի:

Ես կասեմ ինչպես լսել այս պատմությունը,

ես կասեմ ինչպես է սկսվում այս պատմությունը,

միայն թե անջատեք ռադիոները,

ծալեք, մի կողմ դրեք թերթերը,

ծալեք, մի կողմ դրեք բոլոր տեսակի հեգնական ժպիտները,

հանեք, սեղանին դրեք ձեր ժամացույցը, կեղծիքն ու սուտը,

դրամը հանեք, մինչև վերջին կոպեկը,

հետո լույսը հանգցրեք, փակեցեք աչքներդ և լսեք.

– Ես իջել անտառներից, եկել եմ ձեզ մոտ,

ես նա եմ, որին պետք չէ գնել փողով և հետո գցել փողոց:

Չգրանցեք այս ամենը ձեր հաշվեմատյաններում:

Ես նա եմ, որը իջեցրեց ձեզ ծառից,

եթե չկամ՝ շենքերը ծառեր են ապակյա տերևներով:

Այսպիսով պարզ է, թե ես ով եմ,

իսկ այժմ լսեցեք շարունակությունը:

Ինձ հաճախ դուրս եք արել տանից.

Ես, արդարացումը ձեր ապրելու,

դուք ինձ հաճախ ծեծել ու տանջել եք

և մինչև վերջ պոկել իմ փետուրները:

Դուք, որ գիտեք ձմեռվա համար փայտ կուտակել

և հարդարել շորերը խնամքով,

գիտե՞ք, որ կգա այն օրը,

երբ ոչ մի փայտ չի տաքացնի ձեզ ձմեռվա ցրտում,

և ոչ մի ներկ չի փայլեցնի ձեր կոշիկները:

Այն ժամանակ կշոյեք ձեր գրասեղանի չորչորուկ կողերը,

իսկ արցունքները կթափվեն, կթափվեն:

Իսկ այդ ամենից խուսափելու համար

մի բացեք հաշվեմատյանները,

մի միացրեք ռադիոները,

մի բացեք թերթերը,

մի հաշվեք ժամերը,

երբ որ սերն է սկսվում…

Ահա այն ամենը, ինչ վաղուց է ասվել,

ահա այն, ինչ հիմա է ասվում:

Ով հավատում է այս պատմությանը,

թող բացի աչքերն ու գնա,

իսկ ով չի հավատում, թող սպասի,

ես ամեն ինչ կպատմեմ սկզբից,

կպատմեմ նորից ու նորից,

մինչև կտրվի կիթառի լարը,

մինչև պայթի թմվուկը,

պատառոտվի պղինձը փողի,

ու տրաքվի

սիրտս:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page