Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Feb 1, 2019
- 2 min read

Հովհաննես Շիրազի սեղանի գիրքը «Նարեկն» է եղել: «Նարեկի» ուժը զավակների վրա պահելու համար մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազն անձամբ է զավակների նկարներն ամրացրել գրքի էջերին: Ասել է՝ ժողովուրդը «Նարեկին» աստվածացրել ու Աստծու չափ սիրել է՝ Աստված գլխավերևում, «Նարեկը»՝ գլխի տակ: Համեմատելով մյուս հեղինակներին, այդ թվում նաև իրեն Նարեկացու հետ ասել է` մենք արծվի առաջ փոքր ճնճղուկներ ենք: Այսօր էլ բանաստեղծի «Նարեկը»՝ զավակների նկարներով, նրա հուշատուն-թանգարանում է` այն նույն տան գրասեղանին, որը հայ մեծ բանաստեղծին նվիրել են 1983 թ. հուլիսին: Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984 թ. մարտին: Հուշատուն-թանգարանը գործում է 2003թ. սեպտեմբերից:
Շենքը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Տարիների ընթացքում եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ:

Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել՝ վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ գուկա:
Փողոցն այսօր Վարպետաց է կոչվում: Շիրազը նույնիսկ պատմել է, որ երբ փոքր է եղել, հենց այս թաղերում է ջուր վաճառելով իր ապրուստը վաստակել:
Հուշատուն-թանգարանում՝ գրասեղանին, Նարեկի կողքին Լեոյի «Հայոց պատմությունն» է, որն ամեն գիշեր, հեքիաթի փոխարեն Շիրազը կարդացել է զավակներին: Սեղանին, որպես սրբություն պահվում է նաև մոր դիմանկարն ու Շիրազի ձեռագիրը՝ «Ատամնաբույժներին» բանաստեղծությունը: Շիրազյան շունչը պահելու համար թանգարանում գրասեղանի դասավորությունը այնպես է, ինչպես Շիրազն է վերջին անգամ թողել. նույնիսկ մկրատն ու բաժակն են նույն կերպ դրված:
Շիրազի համար մայրն աստվածային է, և թանգարանի ամեն մի անկյունում՝ զավակների նկարների կողքին, մոր դիմանկարներն են: Այստեղ է նաև մոր գլխաշորն ու նրա ձեռքով պատրաստված գլխազարդը՝ թանթանեն: Ասում են` մայրը՝ Աստղիկը, շատ լավ թանթանաներ է պատրաստել: Մոր մահից հետո Շիրազը չի թողել ձեռք տալ գլխաշորին, անգամ լվանալ, ժամերով մտել է սենյակ ու զրուցել մոր գլխաշորի հետ:
Comments