Երուսաղեմի Ձիթենյաց լեռան վրա գտնվող ռուսական վանքի հայկական մոզաիկ հատակները
- Ներսեհ Ա. Ա.
- Feb 17, 2019
- 4 min read

Պատմության ընթացքում բազմաթիվ հայ ուխտավորներ այցելել են Երուսաղեմ և կառուցել ավելի քան 72 հայկական եկեղեցիներ, որոնցում հայտնաբերվել են մոզաիկ հատակներ:
Երուսաղեմի մոզաիկների մասին առաջին անգամ գրել է Ռուբեն Սամվելյանը[1]:
Մինչև այժմ Երուսաղեմում երևան է հանվել հայկական հինգ մոզաիկ, որոնցից առաջին երեքը գտնվել են 1868 թվականին Ձիթենյաց կամ Համբարձման լեռան վրա, երբ ռուսները արաբներից գնել էին մի հողամաս, որի վրա ուզում էին նոր նոր վանք կառուցել: Չորրորդ մոզաիկը գտնվել է 1893 թվականին նոր կառուցվող մատուռի հիմքերը փորելու ժամանակ, իսկ հինգերորդը՝ Դամասկոսի դռան մոտ 1894 թվականի հունիսի 25-ին: Այս մեկը ամենափառահեղ ու ամենախոշոր մոզաիկ հատակն էր, որի պատկանելիությունը սկզբում վեճի առարկա դարձավ հույների ու լատինների միջև, սակայն նկարի ճակատին եղած Մեսրոպյան տառերով արձանագրությունը լռեցրեց երկու կողմին էլ: Դամասկոսի դռան մոզաիկի տակ հայտնաբերվել են երեք դամբարաններ, իսկ Ձիթենյաց լեռան մոզաիկ հատակի տակ՝ 16 քարադամբարան, որոնցից մի քանիսի վրա կան հայատառ, հայանուն արձանագրություններ:

Ձիթենյաց լեռան վրա գտնվող մոզաիկ հատակները կազմում են Ս. Հովհաննես Կարապետի վանքի կալվածի մասը, որին հայերը տիրացել են 5-6-րդ դարերի ընթացքում: Սա պատմական փաստ է: Իսկ այդ վանքը իր գոյությունը պահպանել է մինչև 12-րդ դարը[2], որից հետո քարուքանդ է եղել, իսկ գտնված մոզաիկ հատակները եղել են եկղեցու գավթի սալարկը:
Ձիթենյաց լեռան վրա գտնված չորս մոզաիկ հատակները ունեն հայերեն երկաթագիր արձանագրություններ:
Առաջին մոզաիկ հատակի վրա գրված է. «Բարեխաւս ունելով առ Ած. զՍուրբ Եսայի եւ զերանելի հարս ես Վաղան արարի վասն թողութեան մեղաց զյիշատակարանս զայս»:

Երկրորդի վրա գրված է. «Այս գիր երանելւոյ Շուշանկայ մաւրն արտաւանայ Հոռի ԺԸ»:
Երրորդի վրա գրված է. «Վասն աղաւթից եւ փրկութեան Թեւայ, Աբասու եւ մուրկան»:
Իսկ չորրորդի վրա գրված է. «Այս յիշատակարան Տն. Յակովբայ որ եղեւ ի ձեռն խնդրելոյ»:
Ձիթենյաց լեռան վրա գտնված այս չորս մոզաիկ հատակներից երկրորդի մասին արժեքավոր տեղեկություն է տալիս հայ ականավոր մանկագիր Ղազարոս Աղայանը, որ ժամանակին այցելել է Երուսաղեմ.
«...Ես մի հրաշալի արձանագրություն տեսա Երուսաղեմ Ձիթենյաց լեռան վրա: Այստեղ ռուսաց եկեղեցու հիմքը փորելիս մի քանի տարի առաջ գետնի տակից երևացել է մի մոզաիկազարդ գերեզման՝ անեղծ և անարատ, վրան գրված է Մեսրոպյան տառերով՝ «Այս գիր է Շուշանկայ մուրն Արտաւանայ Հոռի ԺԸ»: Սրա վրա ռուսները մատուռ են շինել և պահպանում են առանձին խնամքով: Երուսաղեմի հանգուցյալ պատրիարք Եսային էլ նույն գերեզմանի պատկերը իսկականի մեծությամբ և զարդարանքով նկարել է տվել և կախել պատրիարքարանում: Նույն գերեզմանից մի քանի քայլ հեռու դեպի արևելք դարձյալ գետնի տակ երևացել են երկու կարգ գերեզմաններ հայ իշխանների ու տիկինների: Սրանցից երկուսն են և՛ նշանավոր և՛ զարմանալի: Մեկի վրա գրված է եղել Շուշանիկ, իսկ մյուսին՝ Ջոջիկ»[3]:
Մկրտիչ եպիսկոպոս Աղավնունին, որ գրել է Երուսաղեմի վանքերի պատմությունը, Ձիթենյաց լեռան վրա գտնված

վերոհիշյալ չորս մոզաիկ հատակների կերտման դարաշրջանի մասին ճշգրիտ տեղեկություն տալու համար վկայաբերում է Պաղեստինի հայտնի հնագետ Գլերմոնտ-Գանոյի աշխատությունը[4], ըստ որի այդ մոզաիկներից երկուսի վրա եղած արձանագրությունները չեն համապատասխանում մոզաիկի ամբողջական կառուցվածքին և գույներին, իսկ երկուսը ավելի ուշ շրջանի ստեղծագործություններ են: Մոզաիկներում առկա անունների վերաբերյալ, Գլերմոնտ-Գանոն ենթադրում է, որ Արտավանը մի պարսկահայ կուսակալ և զորապետ է եղել Հուստինիանոսի կայսրության օրոք:
Այլ ենթադրություն է անում բանասեր Հ. Քյուրդյանը[5]: Նրա կարծիքով Վաղան անունը պետք է կարդալ Վահան, հ տառի փոխարեն սխալմամբ ղ գրվելու պատճառով: Իսկ եթե Վահան լինի, ապա Պաղեստինի պատմագիր Պրոկոպիոսի տեղեկությունների համաձայն, Արտավան և Վահան Արշակունի եղբայրներն են դրանք, որոնք Պարսկաստանից փախել էին Բյուզանդիոն և մեծ ծառայություն են մատուցել բյուզանդական պետությանը: «Արտավանը դարձել էր դուքս, իսկ Վահանը որպես զորապետ զոհվել է Հուստինիանոսի կայսրության համար եղած պատերազմում»[6]: Ենթադրվում է, որ այդ հայ զորապետների մայրը՝ Շուշանիկը Երուսաղեմ ուխտի է եկել և մահացել այնտեղ, թաղվել է Ս. Կարապետի եկեղեցու գավթում և Արտավանի ձեռքով նրա գերեզմանի վրա կերտվել է մոզաիկ:

Անվանի Մխիթարյան Հ. Հակոբոս Տաշյանը մոզաիկների վրա եղած տառաձևերից եզրակացնում է, որ այդ տառերը հիմնականում «ոչ լիովին գլխագիր և ոչ ալ զուտ «միջին» են: Գրերը քիչ շատ գլխագրի բոլորաձևությունը կցուցնեն, բայց նաև միջնույն ձևերը, չորեքկուսի կերպարանք, ուղղաձեւ անդամներ, գրերէն ոմանք աւելի միջին են, և ընդհանրապէս ամբողջը միջնոյն տպաւորութիւն կ’ընէ… Եթէ չենք խաբուիր Է դարու արձանագրութեամբ գիրը համարելու ենք իւր ամէն առանձնայատկութեամբքն ու անսովոր ձեւովն իբրեւ այն գիրն, որ դարերով գործածւում է արձանագրութեանց մէջ, եթէ ոչ բացառապէս ամէն տեղ, գոնէ յէականս նոյնութեամբ բազմաթիւ յիշատակարանաց մէջ»[7]:

Հ. Տաշյանը մատնանշելով 7-րդ դարի հին եկեղեցական արձանագրություն-հիշատակարանների մի քանի երկաթագիր տառաձևեր, եզրակացնում է, որ Երուսաղեմի մոզաիկները պատրաստված կլինեն 551 թվականից առաջ:
Գարեգին կաթողիկոս Հովսեփյանն էլ Ձիթենյալ լեռան վրա գտնված մոզաիկը հատակը 6-7 դարերի գործ է համարում[8]:
Ա. Գրիգորյանը իր «Մոզաիկ նկարչության արվեստը Հայաստանում»[9] հոդվածաշարում կարծում է, որ մոզաիկ հատակ ունեցող տեղամասերում հնում եղել են հեթանոսական տաճարներ կամ մեհյաններ և

հավանաբար այդ մեհյաններն ունեցել են մոզաիկ հատակներ: Ամենայն հավանականությամբ, Երուսաղեմի մոզաիկները հեթանոս հայ արվեստագետների ստեղծագործություններ են Տիգրան Մեծի ժամանակներից սկսած, երբ հայերը կապված են եղել հռոմեական պետության շատ նահանգների հետ, որոնք հետագայում հանդիսացան քրիստոնեության օջախներ: Արշակունիների կործանումից առաջ հայերը խոշոր դեր են խաղացել Երուսաղեմի սրբազան վայրերում: Մկրտիչ եպիսկոպոս Աղավնունին ևս այն կարծիքն է հայտնում, որ «Ձիթենեաց լերան հայոց Ս. Յովհաննէս Կարապետի վանքի մոզաիկաները յայտնի է թէ հեռաւոր թուականէ մը կը հասնին: Այդ մոզաիկի վարպետներն ալ միեւնոյն ոգվով շարժուած են՝ հեթանոսականը խառնելով քրիստոնէականին հետ, ինչպէս ցոյց կու տան անոնց լուսանկարուած մանրանկարները»[10]: Այդ խճանկարների հյուսկենանկար գոտիները հայկական են, որովհետև այդպիսիք հանդիպում են հայկական խաչքարերի և եկեղեցական զարդաքանդակների վրա:
© ՆԱ
[1] «Արևելք» օրաթերթ, Կոստանդնուպոլիս, 1893 թ. (№ 2702) և 1894 թ. (№ 3132)
[2] Մկրտիչ եպս. Աղավնունի, Հայկական վանքեր և եկեղեցիներ Ս. Երկրին մեջ, Երուսաղեմ, 1931, էջ 161:
[3] Ղ. Աղայան, Երկեր, հատ. 4-րդ, Երևան, 1950 թ., էջ 360-361:
[4] Clermont Ganneau, «Archeological researches in Palestine», 1874, էջ 329-337:
[5] «Բազմավեպ», Վենետիկ, 1934 թ., № 5-6, էջ 198:
[6] Հ. Մ. Չամչյան, «Պատմություն Հայոց», հատ Բ., էջ 250-255 և 517-520:
[7] Հ. Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագիտութեան վրայ, Վենետիկ, 1898 թ., էջ 136:
[8] Գարեգին վրդ. Հովսեփյան, Գրչության արվեստը հին հայոց մեջ, 1913 թ. Վաղարշապատ, էջ 5:
[9] Ա. Գրիգորյան, Մոզաիկ նկարչության արվեստը Հայաաստանում, Երուսաղեմի մոզաիկաները, Էջմիածին, 1957 թ., էջ 51:
[10] Մկրտիչ եպս. Աղավնունի, Հայկական վանքեր և եկեղեցիներ Ս. Երկրին մեջ, Երուսաղեմ, 1931, էջ 163:





Comments