Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Mar 4, 2019
- 2 min read

Մեծանուն երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի նշանակություն ունի հայ երաժշտության համար, թեև ձեռագրերի մեծ մասը ոչնչացվել է կամ կորել։ Նրա երաժշտական հանճարի առջև խոնարհվում էին եվրոպացի անվանի երգահանները` Կլոդ Դեբյուսին, Քամիլ Սեն Սանսը, Վենսան դ'Էնդին, Գաբրիել Ֆորեն…
1915 թվականին Կոմիտասը հայ մտավորականների և արվեստի գործիչների հետ աքսորվեց Անատոլիայի խորքերը և տեսավ սեփական ժողովրդի սարսափելի ոչնչացումը։ Ու թեև ազդեցիկ մարդկանց շնորհիվ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս, այնուհանդերձ դաժան սպանությունների պատկերները անջնջելի հետք թողեցին Կոմիտասի հոգում։
Երկար տարիներ շարունակ ընդունված էր համարել, որ Կոմիտասի մոտ շիզոֆրենիա է զարգացել, որի հետևանքով էլ նա վախճանվել է` գրեթե 20 տարի անցկացնելով Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում։ Սակայն վերջին տարիների հետազոտությունները հերքում են այդ վարկածը։ Ըստ նոր ուսումնասիրությունների` վարդապետը խենթ չի եղել, և նրա լռությունը չի կարելի շիզոֆրենիայի ախտանիշ համարել։
Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկության դոկտոր Լուիս ֆոն Հովհաննիսյանն իր ատենախոսության մեջ եզրակացրել է, որ Կոմիտասի մոտ հետտրավմատիկ խանգարում է եղել, որը հնարավոր էր բուժել, սակայն ոչ ոք չի արել դա, չնայած որ այն ժամանակ գործում էր այսպես կոչված «Կոմիտաս վարդապետի օգնության կոմիտեն»։
Նոր վարկածի կողմնակիցները կարծում են, որ երգահանին խաբեությամբ են տարել հոգեբուժարան, որպեսզի նա չխոսի Ցեղասպանության սարսափի մասին, քանի որ Կոմիտասը մեծ համբավ ուներ Եվրոպայում։ Վստահեցնում են, որ վարդապետը լռել է դեղահաբերի ազդեցության տակ, որոնցով նրան «բուժում» էին Կոստանդնուպոլսի կլինիկայի թուրք բժիշկները։ Իսկ մահվան պատճառը, ինչպես պարզել են հետազոտողները, աստեիտն է եղել։ Կլինիկայում հիվանդներին կոշտ կոշիկներ էին հագցնում։ Կոմիտասը քերել է ոտքը և վարակվել։ Այդ ժամանակ (40-ականների վերջին) հակաբիոտիկներ դեռ չկային։
Ուշագրավ է այն փաստը, որ «Կոմիտասի օգնության կոմիտեն» հրաման է ստորագրել այն մասին, որ ոչ ոք երգահանին չայցելի առանց իրենց թույլտվության։
Կոմիտասը վախի ուժեղ զգացողություն է ունեցել և հետապնդման մոլուցք։ Կոստանդնուպոլսի կլինիկայում գտնվելիս` նա ոչ մի կերպ չի համաձայնել հեռանալ այնտեղից` ոչ Փարիզ, ոչ որևէ այլ տեղ։ Կոմիտասը համոզված է եղել, որ եթե այնտեղից դուրս գա, իր հետ մի բան կպատահի: Վարդապետը համաձայնել է հիվանդանոցից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ թերթերը գրել են երիտթուրքերի դատապարտման մասին։
Կոմիտասն իր ստեղծագործական ճանապարհի սկզբում միշտ ասում էր, որ հայկական արվեստը պետք է ներկայացնել արտասահմանում, սակայն ավելի ուշ նա հրաժարվում էր այդ տեսակետից։
Սկզբում նա հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ, մեր մշակույթը, դա մեզ կօգնի ու կպաշտպանի։ Նման բովանդակություն պարունակող նամակներ է գրել Արշակ Չոբանյանին, այդ նամակները պահպանվել են։ Բայց ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ աշխարհը որքան էլ բարձր գնահատի քո արվեստը, երբ գործը հասնում է քաղաքականությանը, շահին, կարող է աչքերը փակել ամեն ինչի վրա և թողնել, որ ազգդ վերացնեն:
Հենց այդ պատճառով էլ 1931 թվականին (մահվանից չորս տարի առաջ), երբ երգահանը հարցազրույց է տվել փարիզյան կլինիկայում, ասել է. «Պետք չէ ոչ ոքի ցույց տալ մեր արվեստը, երգեք ձեր տանը, մյուսներն ականջներ ունեն, որ լսեն, և աչքեր ունեն, որ տեսնեն»։
Նույն հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են`ո՞վ տեր կկանգնի հայկական մշակույթին, եթե ինքը` վարդապետն այլևս ի վիճակի չէ դա անել, Կոմիտասն ասել է. «Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը»։
Comments