top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 1, 2019
  • 2 min read

Մեծ Պահքին և, ընդհանրապես, կան բաներ, որոնք յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա պետք է կատարի:

Ա. Առաջին հերթին և, ամենակարևորը, դա հարատև աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունն է (սրանց զուգահեռ պետք է նշել նաև զղջումն ու ապաշխարությունը), որոնք պահեցողությունից պետք է անբաժան լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում:

Բ. Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել օրինակ` համայնքային հաստատություն-ներին, կրթական, կրոնական և այլ բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում:

Գ. Կարեկցանք, խնամք` նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց դրամական պարտքերը, օգտակար լինել մեզ նմանների հազար ու մի կարիքներին: Օրինակ` զրկելով մեր քիմքն ու քմահաճույքները` մենք մեզ հարկադրելով օրական որոշակի գումար մի կողմ դնելով` այն ծառայեցնենք բարի նպատակների համար:

Դ. Նյութական օժանդակություններին զուգահեռ, եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակը տրամադրել ազնիվ նպատակներին և գործերին` այցելելով հիվանդներին և բանտարկյալներին, որբանոցներ և ծերանոցներ, սուգ ու ցավ ունեցողների` անկեղծ ու մարդկային զրույցով կիսելով նրանց հոգու ծանրությունը:

Ե. Պահքը պետք է առիթ տա սեփական «ես»-ի ինքնավերլուծման, ինքնաճանաչողության, քանի որ «պահքի սխրանքը մարդու ներսուզումն է այնպիսի հոգևոր մթնոլորտի մեջ, որը նրան օգնում է ձեռք բերել ինքնավերլուծության կարողություն և գնահատել սեփական հոգեվիճակը»:

Զ. Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների և հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Վերջում պետք է մի բան հստակ իմանալ, որ պահեցողությունը (այստեղ պահեցողություն ասելով պետք է հասկանալ նաև վերոհիշյալ կետերի կատարումը) յուրաքանչյուրի համար անհատական խնդիր է, անհատական փրկության խնդիր: Ոչ ոք պահք չի պահում ուրիշի համար և սխալ են այն մարդիկ, ովքեր պարծենում են, թե պահք են պահում: Եվ եթե որևէ մեկը պահք է պահում, ապա իր համար է պահում և պահք պահելով ինքն իրեն է օգնում: Պահեցողությունն աննպատակ չպետք է լինի, այլ պետք է ունենա նպատակ և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ«ոչ թե ես պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի սուրբ եմ, այլ պահք եմ պահում, որովհետև մյուսներից ավելի մեղավոր եմ և իբրև ավելի մեղավոր առաջնահերթ դա ի´նձ է անհրաժեշտ»: «Պետք է հատկապես էլ ավելի զորացնենք պահքի սխրանքը` այն ավարտելով աղոթքի ջանասիրությամբ, կատարելով մեղքերի ընդհանրական և անկեղծ խոստովանություն, բարի գործեր, առատաձեռն ողորմություններ, ցուցաբերելով հանդարտություն, հեզություն և ամեն տեսակի առաքինություններ, որպեսզի նմանօրինակ բարի գործերով արժանանաք հասնելու Տիրոջ Հարությանը և բերկրելու Նրա առատաձեռնությամբ» (Սուրբ Հովհան Ոսկեբերանի հորդորական խոսքը Քառասնօրյա Սուրբ Պահքի վերաբերյալ):

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page