top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 15, 2019
  • 1 min read

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Անտառի արքան

Ո՞վ է վարգում ցուրտ գիշերվա հողմ ու մառախուղին,

Մի հեծյալ է, որդուն առած, մթնով ընկել ուղի,

Կուչ է եկել հոր գրկի մեջ, սարսռում է տղան,

Հայրը իր տաք կրծքին սեղմել, ջերմացնում է նրան:

- Տղա´ս, վախով հպվել կրծքիս, դու ինչո՞ւ ես դողում…

- Հա´յր, անտառի արքան մթից կարծես ինձ է նայում:

Նա սև թագ է կրում գլխին, ունի մորուք փարթամ…

- Չէ´, զավա´կս, մառախուղն է քեզ թվացել արքա…

«Դու հետ նայիր, սիրո´ւն մանկիկ, ինձ մոտ արի, փոքրի´կ,

Այնքան ուրախ բան կա այստեղ՝ իմ եզերքում գողտրիկ,

Ծաղիկները փիրուզագույն, մարգարիտներ շիթ-շիթ,

Ոսկեձույլ են դղյակներս, կյանքը՝ անհոգ, անվիշտ»:

- Հա´յր, լսո՞ւմ ես՝ կանչում է ինձ այս անտառի արքան,

Խոստանում է ոսկի, գոհար ու հրճվանքներ այնքան…

- Չէ´, զավա´կս, այդ քամին է տերևները շարժում,

Եվ թվում է՝ ինչ-որ մեկը քեզ իր մոտ է կանչում:

«Ինձ մոտ, ինձ մոտ արի, փոքրի´կ, թավուտներում կանաչ

Դու կտեսնես գեղեցկուհի իմ դուստրերին սևաչ,

Որոնք կերգեն ու կպարեն քո շուրջն իբրև պատրանք,

Երգ-օրորով քո աչքերին քուն կբերեն նրանք…»:

- Հա´յր, լսեցի՞ր՝ աղջիկներին այժմ կանչեց արքան,

Գլխով անում մութ ճյուղերից, ինձ են կանչում անձայն…

- Չէ´, զավա´կս, մի´ վախեցիր, ցուրտ խավարի գրկում

Այդ ալեհեր ուռիներն են աչքիդ աղջիկ թվում…

«Սիրո´ւն մանկիկ, ինձ թովեցիր, ու սիրեցի ես քեզ,

Ուզես–չուզես՝ այսուհետև իմը պիտի լինես…»:

- Շո´ւտ, շո´ւտ, հայրի´կ, մեզ է հասնում, տե´ս, անտառի արքան,

Ահա´, ահա´, հասա´վ, և օդ…խեղդվո˜ւմ եմ…չկա˜…

Հեծյալն ահով, ի˜նչ արշավել, սլանում է, սուրում,

Ու ընթացքում այն մանկիկի վերջին ճիչն է մարում…

Երբ ձին, թողած անտառն հեռվում, տուն հասցրեց նրան,

Հոր գրկի մեջ արդեն վաղուց մահացել էր տղան…

Թարգմանությունը՝ Հ. Սարոյան

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page