Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 18, 2019
- 1 min read

Մեծ Մասիս լեռան հյուսիսարևելյան լանջի վիհի եզրին, Ակոռի գյուղից վերև է գտնվում սուրբ Հակոբ անունով վանքը, որ հիմնվել էր 4-րդ դարում, այն տեղում, ուր ավանդության համաձայն սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը հրեշտակից ստացել էր Նոյան տապանից մի կտոր: Այս վանքի եկեղեցին ուներ խաչաձև գմբեթավոր հորինվածք և սև որձաքարից շինվածք էր: Պատերին կային 13-14-րդ դարերի արձանագրություններ: Վանքի ուղղանկյուն պարիսպների ներսից կից էին միաբանների կացարաններն ու օժանդակ շինություններ: Սուրբ Հակոբ վանքում էին պահվում սուրբ Հակոբ Հայրապետի կարծեցյալ մատը և Նոյան տապանի փայտի կտորը՝ միմյանց ամրացված շղթայով, որ այժմ գտնվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում: Վանքի մոտ սրբազան մի աղբյուր էր բխում, որի ջրով հայ շինականները ցողում էին արտերը՝ մորեխներից պաշտպանելու համար:
Ակոռիի սուրբ Հակոբ վանքը կործանվել է 1840 թ.-ի հուլիսի 2-ին կատարված երկրաշարժի հետևանքով՝ գյուղի և Ակոռիի սուրբ Առաքելոց վանքի հետ ընկղմվելով լեռան խորխորատը:
Պատկերը՝ «Գրիչ Հովհաննեսը, նրա օգնական Պետրոսը և եղբայր Մարտիրոսը», մանրանկար 1417 թ.-ին Ակոռիի սուրբ Հակոբ վանքի մեջ Աստվածատուրի ծաղկած Ավետարանից (Մատենադարան, ձեռ. No. 4841):
Comments