Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 22, 2019
- 1 min read

Թերարժեքության բարդույթը հոգեբանական և հուզական ապրումների հավաք է, որն արտահայտվում է սեփական անձի խոցելիության և շրջապատի գերակայության զգացմամբ։ Թերարժեքության բարդույթը առաջանում է տարբեր պատճառների հետևանքով, ինչպիսիք են՝ խտրականությունը, հոգեկան վնասվածքները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն:
Թերարժեքության բարդույթը էականորեն ազդում է ինքնազգացողության և մարդու վարքագծի վրա: Առաջինը ով ուսումնասիրել և նկարագրել է թերարժեքության բարդույթը ավստրիացի հոգեվերլուծաբան Ալֆրեդ Ադլերն էր: Հենց նա էլ «Թերարժեքության բարդույթ» տերմինը ներմուծեց հոգեբանության մեջ:
Այն առաջանում է թերարժեքության չափազանցվածության ժամանակ։ Թերարժեքության զգացում և բարդույթ հասկացությունները համարվում են միևնույն երևույթի տարբեր մակարդակներ։ Մարդիկ, ովքեր տառապում են թերարժեքության բարդույթով դիտում են իրենց, որպես չնչին և թերարժեք: Շատ հիվանդների մոտ այդ հողի վրա զարգանում է դեպրեսիա, որի ծանր դեպքերում կարող է հետևել ինքնասպանության վտանգը: Թերարժեքության բարդույթի ախտանիշներից մեկը կարող է լինել ազդանշանների ցուցադրումը, որոնցով տառապող մարդը փորձում է իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը: Այլ ախտանիշներ կարող են լինել շփման պակասը, վախը մարդկանցից, սխալ գործելու վախը, մշտական անհանգիստ վիճակները: Թերարժեքության բարդույթը երբեմն հանդիսանում է խոսքի թերությունների ենթագիտակցական պատճառ:
Հաճախ սեփական թերարժեքության փոխատուցման փորձերին բնորոշ է զոհի դեր ստանձնելը: Երիտասարդ տղամարդկանց մոտ սեփական թերարժեքության բարդույթի քողարկման միջոց է հանդիսանում բարձր ագրեսիվությունը և ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև կարգավիճակի ցուցադրումը՝ սպորտային մեքենաներ, բնորոշ հագուստ և այլն:
Չափից ավելի ինքնահավանությունը նույնպես կարող է վկայել սեփական արժանապատվության զգացումի ներքին խախտման մասին:
Թերարժեքության բարդույթը ընդհանուր առմամբ բացասական երևույթ է: Սակայն որոշ դեպքերում այն կարող է դրդել մարդուն հասնել դրական նպատակների:
Comments