Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 28, 2019
- 2 min read

Պատկերապաշտությունը պատկերներին պաշտամունք մատուցելն է, երկրպագելը: Պատկերապաշտությունը հույն Եկեղեցու առանձնահատկությունն է: Դրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր դեմ են աստվածապաշտության ժամանակ պատկերների գործածությանը, կոչվեցին պատկերամարտներ: Հույն Եկեղեցու պատմությունը լեցուն է այդ երկու ուղղությունների անզիջում պայքարով: Բյուզանդական շատ կայսրեր (Լեւոն Իսավրեցի, Կոստանդին Կոփրոնիմոս, Լեւոն Դ, Լեւոն Ե Հայկազն եւ այլն) լինելով համոզված պատկերամարտները, փորձեցին վերացնել պատկերների գործածությունը: Ընդդիմադիր կողմն էլ իր հերթին պայքարում էր նրանց դեմ: Երկուստեք հիմնավորում էին իրենց գաղափարները, տարբեր փաստարկներ բերելով թե՜ Սբ. Գրքից, թե՜ Ավանդությունից: 754 թ-ին Բյուզանդիայի պատկերամարտ կայսրերը մի ժողով գումարեցին Պոլիսում, ուր 338 հոգեւորականների մասնակցությամբ դատապարտվեց պատկերապաշտությունը եւ կայսրության տարածքում սկսեցին հալածել պատկերապաշտներին: Որոշ ժամանակ անց հաղթանակեցին պատկերապաշտները և Նիկիայում գումարեցին յոթներորդ Տիեզերական ժողովը 787 թ. Ժողովն անօրինական համարեց նախորդ ժողովը` իր որոշումներով հանդերձ: Չնայած, որ հետագայում պատկերամարտները գլուխ բարձրացրեցին և ընդդիմացան, Տիեզերական Է ժողովը ընդունվեց որպես վերջնական, և պատկերամարտությունը պարտվեց: Հետագա ժողովները հաստատեցին Է Տիեզերական ժողովի որոշումները և պատկերապաշտության ուղղափառությունը: Այսպիսով, ավելի քան հարյուր տարի տեւած այս պատերազմը ավարտվեց պատկերապաշտության վերջնական հաղթանակով, որն էլ մինչ հիմա գոյություն ունի Ուղղափառ եկեղեցիներում: Լատին եկեղեցին ևս ընդունեց պատկերապաշտությունը Նիկիայում գումարված Է Տիեզերական ժողովը եղավ վերջինը, որի տիեզերականությունը ճանաչեցին միաժամանակ և՛ Հռոմի եկեղեցին, և՛ Ուղղափառ եկեղեցին: Այժմ մի քանի խոսք Հայ եկեղեցու դիրքորոշման մասին: Հայոց եկեղեցիները ունեն խաչաձև կառուցվածք, ուր չորս սյուների վրա ամրացվում է վեղարաձև գմբեթը` համաձայն Լուսավորչի տեսիլքի: Եկեղեցու բեմը միշտ նայում է դեպի արևելք, որպես օրինակ արեգակի` լույսի, իսկ մուտքը` արևմուտք, խորհրդանշելով հեթանոսությունից դեպի աստվածային լույսի գալը: Հայ եկեղեցին իր ամենօրյա կարիքների համար օգտագործում է զանազան եկեղեցական սպասքներ, աստվածապաշտական տարբեր իրեր: Բոլոր այդ պարագաները` խաչերը, պատկերները և այլն, օրհնում են և օծում` հետագա օգտագործման համար: Պատկերները եկեղեցում ընտրվում և ընդունվում են հատուկ սկզբունքով: Մերժվում են կուռքերին հիշեցնող հեթանոսական պատկերներ: Հայ եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն: Սրբերի պատկերները հարգելի են մեզ, որովհետեւ պատմում են նրանց աստվածահաճո վարքը, գործերը, որոնք Աստված կատարել է նրանց միջոցով: Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնվում է, միշտ շեշտվում է աղոթքի մեջ, որ Աստված այդ պատկերը դարձնի պատճառ երկրպագության համագո Երրորդության: Հայ եկեղեցում, ի տարբերություն պատկերապաշտության` գոյություն ունի Պատկերահարգություն, որը հորդորում է հավատացյալներին ձգտել աստվածահաճո կյանքի: Պատկերների հարգությունը երկրպագություն չէ: Պատկերապաշտությունը նշանակալից տեղ չի գրավել Հայ եկեղեցու կյանքում: Հայ մատենագրության մեջ քիչ են այն երկերը, որոնք նվիրված են պատկերապաշտությանը կամ պատկերամարտությանը: Առավել հայտնի աշխատությունն է Վրթանես Քերթողի Պատկերամարտների մասին երկը 7-րդ դար Իր վարդապետական դիրքորոշումը այդ խնդրի վերաբերյալ, Հայ եկեղեցին ճշտել էր դեռ իր սկզբնավորման ժամանակ և ամենևին էլ նպատակահարմար չի գտել խառնվել երկու մեծ կայսրություններում Բյուզանդիա, Հռոմ, ծավալվող դավանական վեճերին, որոնք իրենց դիրքորոշումը ճշտեցին միայն 8-9-րդ դարերում: Այդպիսի վեճերից օգուտ չկար` վնասից բացի:
Comentários