Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 28, 2019
- 1 min read

Ճահիճը երկրի մակերևույթի ջրային գոյացություն է, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։
Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։
Հայաստանում ճահիճները փոքր տարածքներով (մոտ 15 հզ. հա) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարզ), Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ)։ Ճահիճից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ։ Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր։ Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները։ Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով ՀՀ տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր։
Comments