Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- May 21, 2020
- 2 min read

Ֆրանց Շուբերտը վաղ տարիքում երա-ժշտության դասեր է առել հորից (ջու-թակ), եղբորից (դաշնամուր), նաև Մի-քայել Հոլցերից (երգեցողություն): 1808 թ-ին Վիեննայում ընդունվել է Արքունական երգչախումբ, որտեղ նաև սովորել է նվագել մի քանի գործիքներ և տեսության դասեր է առել կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիից: 1813–14 թթ-ին սովորել է ուսուցչական սեմինարիայում և որպես ուսուցիչ աշխատել մինչև 1818 թ.: Ստեղծագործել է 1813 թ-ից, սակայն նրա երկերը հրատարակվել են 1821 թ-ից. ճանաչվել են հատկապես երգերը (շուրջ 600): Շուբերտի շնորհիվ երգի ժանրը ձեռք է բերել գեղարվեստական ձև և հարստացրել համերգային վոկալ երա-ժշտությունը, ստեղծել է երգի նոր տեսակ:
Շուբերտն իր լավագույն երգերը գրել է Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծությունների տեքստերով («Գեղեցիկ ջրաղացպանուհին», «Ձմեռային ճանապարհ», երգաշարեր): Հայտնի է նաև «Կարապի երգը» ժողովածուն, որի բազմաթիվ երգեր («Սերենադ», «Ձկնորսուհին», «Ծովի ափին» և այլն) արժանացել են համաշխարհային ճանաչման: Շուբերտը երգեր է գրել նաև Յոհան Վոլֆգանգ Գյոթեի («Անտառի արքա», «Վայրի վարդը»), Հայնրիխ Հայնեի («Երկվորյակ»), Ֆրիդրիխ Շիլլերի («Աղջկա գանգատը») և այլ բանաստեղծների խոսքերով: Նրա երգերը բարձր է գնահատել Բեթհովենը:
Շուբերտը գրել է նաև սիմֆոնիկ և դաշնամուրային երաժշտություն. ֆանտազիաներ (Դո մաժոր, Ֆա մինոր), էքսպրոմտներ, երաժշտական ակնթարթներ, սոնատներ: Կոմպոզիտորը 9 սիմֆոնիայի հեղինակ է, որոնցից առավել հայտնի են Չորրորդը՝ «Ողբերգականը», Հինգերորդը և Ութերորդը՝ «Անավարտը», որը երկմասանոց քնարադրամատիկական երկ է և աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ: Իններոդ սիմֆոնիայում գերակշռում են ժողովրդական-էպիկական կերպարները: Հանրահայտ են նրա բազմաթիվ կամերային ստեղծագործությունները, որոնցից ամենատարածվածը «Ֆորել» դաշնամուրային կվինտետն է: 22 կվարտետից առավել նշանավոր են Լյա մինորը, Ռե մինորը և Սոլ մաժորը:
Շուբերտի դաշնամուրային սոնատներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանություններով: Նրա «Թափառաշրջիկը» ֆանտազիան կանխորոշել է Ֆերենց Լիստի սիմֆոնիկ պոեմների կառուցվածքը, իսկ դաշնամուրային «Էքսպրոմտները» և «Երաժշտական ակնթարթները»՝ Ֆրիդերիկ Շոպենի և Ֆ. Լիստի դաշնամուրային երաժշտության բնորոշ գծերը: Շուբերտը գրել է նաև օպերաներ («Ալֆոնսո և Էստրելլա», «Ֆիերաբրաս», «Էգինհարդ և Էմմա» և այլն), օպերետներ («Հայելու ասպետը», «Ֆեռնանդո» և այլն), պոլոնեզներ, նախերգանքներ, քայլերգեր, պարեր և այլ գործեր:
Շուբերտի ստեղծագործությունը սերտորեն առնչվում է ավստրիական ժողովրդական արվեստին և լայնորեն տարածվել է երկրում, թեև ժողովրդական թեմաներ հազվադեպ է օգտագործել:
Շուբերտին թաղել են այն գերեզմանատանը, որտեղ ամփոփված էր Լյուդվիգ վան Բեթհովենի աճյունը: 1888 թ-ին երկուսի աճյուններն էլ տեղափոխել են Վիեննայի կենտրոնական գերեզմանատան հուշահամալիր:
Comments