Գիտե՞ք, թե,,, Չոլակի Սբ. Աստվածածին Եկեղեցի
- Ներսեհ
- Dec 10, 2020
- 4 min read

Չոլակն իբրև տեղանուն կամ վայր՝ հի-շատակվում է 1720-ական թվականնե-րին. «…մերձ Գանջայու, ի Չօլակ ան-ւանեալ վայրն…»:
1867 թ. քաղաքից հարավ՝ գրեթե 2 կմ հեռավորություն վրա, Հովհաննես Մի-րումյանցի ծախսով կառուցվում է եկե-ղեցի, որն օծվում է Սբ. Աստվածածին անվամբ: Այդ առթիվ փորագրվում է նաև շինարարական սույն արձանա-գրությունը.
Կառուցաւ այս տաճար Միածնի | յանուն Սրբուհւոյ Աստուածածնի | արդեամբ Յովհաննէս Միւրումեանցի, | յիշատակ հոգւոյ իւր կենդանի, | ի 1 օգոստոսի 1867 ամի:
Ուխտատեղին բաղկացած էր եկեղեցուց և երկու սենյակից: Ուներ ընդարձակ գավիթ: Սկսած 1879 թ. «Չոլակ» կամ «Ցոլակ» վայրի Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում էր Սբ. Հովհաննես և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների քահանաների հովվության և խնամքի ներքո:
1907 թ. մայիսի 11-ին Չոլակի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանա է նշանակվել Մը-կրտիչ Աստվածատրյանցը («...ի նկատ առեալ, զի չէ՛ այլ ևս հնարաւոր վերադարձ Մկրտիչ քահանայի յԱրդուին կամ ի Մէյսարի, ուստի պատուիրել կոնսիստորիային Վրաստանի կարգել ընդմիշտ զՄկրտիչ քահանայն Աստուածատրեանց ի քահանայ Չոլակ ուխտատեղւոյն, որ ի Գանձակ») և հովվել առնվազն մինչև 1913 թ.:
Հայտնի է, որ 1908 թ. ապրիլի 8-ին ուխտատեղին կողոպտվել է, տարվել են սրբապատ-կերներ, գորգեր, պղնձե և այլ իրեր:
1910 թ. կազմվել է ուխտատեղիի շարժական գույքի ցուցակը, ըստ որի՝ տեղում պահվել են նաև արծաթակազմ ավետարան և մաշտոց:
1912 թ. Մկրտիչ քահանա Աստվածատրյանցը, նկատի ունենալով ուխտատեղիի ան-մխիթար վիճակը, նորոգության թույլտվություն ստանալու և հանգանակություններ անց-կացնելու խնդրանքով դիմել էր Գանձակի հոգևոր իշխանությանը. «...ուխտատեղի տա-ճարի կամարներն և արևելեան ու արևմտեան որմերն ճաքճքւած է, անհրաժեշտ է ա-ռաջն առնելու վերանորոգութիւններ անելով, ...հանգանակել բարեպաշտ ուխտաւորնե-րից ս. Ա(ստուա)ծածնի տաճարի նորոգութեան համար»:
1931 թ. ուխտավայրի եկեղեցին գտնվում էր արդեն քայքայված դրության մեջ. «…շրջապատուած է Գանձակի հայ քաղաքացիների այգիներով: Վանքը քարաշէն է, տա-նիքը աղիւս է, կամարաձև, կրով ու աւազով սուաղած, առանց թիթեղի ծածկ ունենալու, որից առաջ է եկել տանիքի երկարութեամբ ճեղքուած, որ քանդուելու վտանգ է սպառ-նում: Վանքը իւր շուրջ ունի լայնատարած գաւիթ, որ ցանկապատած է քարէ ամուր պարիսպով և հարիւրաւոր պտղատու տունկերով զարդարուած: Ունի ուխտավորների և ժամկոչի համար աղիւսից շինւած մի յարկանի երկու սենեակ իւր խոհանոցով, որոյ տա-նիքը հողով է ծածկուած…» [1]:
Հայտնի է, որ 1935 թ. նոյեմբերի 7-ին Չոլակի Սբ. Աստվածածին ուխտատեղի-եկեղեցու պահպանությունը թեմական հոգևոր խորհրդի կողմից հանձնարարվել է Կարապետ Ռոստոմյանին (Առուստամյան):
1936 թ. օգոստոսի 10-ին Գանձակի (Կիրովաբադի) հայոց թեմական հոգևոր խորհրդի անունից Տ. Հովսեփ ավագ քահանա Հարությունյանի՝ Էջմիածնի հոգևոր գերագույն խորհրդին հղած հայտարարագրից տեղեկանում ենք, որ «…առանց թեմ. խորհրդին տե-ղեկություն տալու քաղխորհրդի նախագահ ընկ. Կուլիևը քանդել է տալիս Չոլաքի ուխտատեղին, պատճառաբանելով, որ նա արդեն քայքայված է և շատ վտանգավոր…»: Հովսեփ քահանայի այն խնդրանքին, թե քանդելու փոխարեն հնարավո՞ր չէր արդյոք նորոգումներ կատարել, Կուլիևը տվել է հետևյալ պատասխանը. «…նա պետք է քանդել հիմքից, ես երբեք թույլ չեմ կարող տալ այնտեղ մարդկանց հաճախելու…» [2]: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին թեմական հոգևոր խորհրդի հերթական ու արտակարգ նիստում քննվել է արդեն քանդված ուխտատեղիի խնդիրը. «…թեմական հոգևոր խոր-հրդի և մի քանի քաղաքացիների մասնակցութեամբ խառն և արտակարգ ժողով տեղի ունեցավ` մասնավորապես Չոլաք ուխտատեղին ապօրինի կերպով քանդելու մասին…»: Այնուամենայնիվ, եկեղեցու քանդումից հետո էլ վայրը, ինչպես գանձակեցի, այնպես էլ մերձաբնակ գյուղերի հայության համար շարունակել էր մնալ իբրև սրբատեղի: Մինչև իսկ 1945 թ., երբ արդեն վերաբացվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հավա-տացյալ ժողովրդի հոծ խմբերը գլխավորապես այցելում էին Չոլակի ուխտատեղին: Այդ իրողության առնչությամբ 1945 թ. Վեհափառ Գևորգ Զ կաթողիկոսին թեմական հոգևոր խորհրդի նախագահի հղած նամակում նշվել է. «…Այդ մատուռը անցյալում ունեցել է հռչակ և այժմ էլ ուխտի են գալիս այնտեղ Գանձակից և շրջանից շատ հավատացյալներ ու մոմ վառում թափթփված խաչքարերին համբույրներ տալով: Թէև Գանձակի Ս. Լուսավորիչ եկեղեցին բացված է, բայց կիւրակի օրերը մարդիկ գնում են դեպի «Չոլակ» ուխտատեղին: Այստեղ սպեկուլանտները մոմ վաճառելով, ոչ միայն նորաբաց եկեղեցին զրկում են եկամուտներից, այլև կիրակի օրերը եկեղեցին մնում է առանց աղոթողների ու կորցնում է իր նշանակությունը: Խոնարհաբար հայտնելով այդ մասին ես կարծում եմ, որ ստեղծված դրությունից դուրս գալու միակ միջոցը մնում է այն, որ հիշյալ մատուռի խաչքարերը հանդիսավոր թափորով բերվեն եկեղեցու բակը…» [3]:
Ըստ ամենայնի, խնդիրը լուծել էին ոչ թե Չոլակի խաչքարերը Սբ. Գրիգոր Լուսավորիչ փոխադրելով, այլ կիրակի օրերին քահանայի՝ Չոլակ այցելելու ճանապարհով: Համենայն դեպս, 1948 թ. թեմական հոգևոր խորհրդի ներկայացուցիչ Մելիք-Ստեփանյանի` Ադրբե-ջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր կրոնի գործերի պատասխանատու Շահբազբեկովին հղած մի գրության մեջ նշվել է. «Սույնով Ձեզ տեղեկացնում ենք այն մասին, որ Կիրովաբադի տարածքում, Չոլակ վայրում եղել է վանք, որն ավերվել էր 1930 թ.: Հավատացյալ ժողովուրդը կիրակի օրերին հաճախում է նշված վայրը, կատարելով զոհաբերություններ, ուր հրավիրվում են Կիրովաբադ քաղաքի քահանաները» [4]:
Չոլակի եկեղեցու ավերումից հետո՝ ընդհուպ 1989 թ. հայերի բռնագաղթը, այն ունեցել է իր ուխտավորների մշտական ու հոծ բազմությունը, «Չնայած, որ կառավարության կողմից պաշտոնական թույլտվություն չկա հաճախելու…»:
1986 թ. տեղում հայտնաբերեցինք ևս 2 վիմագիր, որոնք պատմում էին երբեմնի եկեղեցու նորոգման և կատարված նվիրատվության մասին:

Չոլակի Սբ. Աստվածածին. նորաշեն մա-տուռի մոտ ընկած կոտրատված քարին՝ 5 տող.
Յիշատակ ի նուէր ս(ուր)բ | Աստուա-ծածնա եկեղեցոյ | Ալեքսանդր, Մարի-ամ եւ | Նիկալայ Ղուկասիանցներից, | 1895 ամի:
Ծանոթ. ակնհայտ է, որ Գանձակի Սբ. Գևորգ եկեղեցին և Նորաշենի Սբ. Սար-գիս ուխտատեղին իր միջոցներով նորո-գած Նիկողայոս Ղուկասյանցը միջոցներ չի խնայել Չոլակում ևս նույնպիսի աշ-խատանքներ կատարելու համար: Ի դեպ, Ն. Ղուկասյանցը նորոգել է նաև Մուռուտ գյուղի եկեղեցին:
Չոլակի Սբ. Աստվածածին. նորաշեն մատուռի ներսում՝ պատին ագուցված քարին՝ 4 տող.
Յիշատակ է | Ջաւահիր Միրու|մեան Ըստառն | Եղիեանցի 11.1.1899 ամի:
___________________________________________________
[1] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 2666, թ. 25:
[2] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 2683, թ. 13:
[3] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 2692, թ. 15:
[4] ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 2700, թ. 7 (բնագրում՝ “Настоящим ставлю Вас в известность о том, что на территории г. Кировабада в местности Челак имелся монастырь, который был разрушен в 1930 году. Указанное место верующий народ по воскресным дням посещает, устраивая жертвоприношения, куда приглашаются священники города Кировабада…”).
Comments