Դատավորի Կիրակին Երուսաղեմում
- Ներսեհ
- Apr 12, 2021
- 2 min read

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս կիրակիի անու-նը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից:
Օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպ-ված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստի-ացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստ-ված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:
Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8): Առակում Հիսուսը տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կա-րող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:
Տոնի նախօրեին՝ ապրիլի 10-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը Սուրբ Աթոռի լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հանդիսա-պետությամբ «Հրաշափառ»-ով մուտք գործեց Սուրբ Հարության տաճար: Քրիստոսի սուրբ գերեզմանին երկրպագելուց հետո միաբանությունը բարձրացավ հայապատկան Երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ և կատարվեցին երեկոյան ժամերգությունն ու նախատոնակը:
Երեկոյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ սրբատեղիների այցելություն՝ թափոր: Թափորապետն էր Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը:
Հաջորդ օրը՝ տոնի առավոտյան ժամը 7-ին, Սրբոց Հակոբյանց միաբանությունը Հոգե-շնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանի հանդիսապետությամբ մեկնեց Սուրբ Հարության տաճար և կատարեց իր առաջին մուտքը, ապա տաճարում գտնվող հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեցին գիշերային և առավոտյան ժամերգություններ:
Ժամը 10-ին միաբանությունը Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հանդիսապետությամբ կատարեց իր երկրորդ մուտքը Սուրբ Հարության տաճար, ապա Քրիստոսի Սուրբ գերեզմանի վրա պատարգեց և քարոզեց Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը:
Պատարագից հետո, Լուսարարապետ սրբազան հոր հանդիսապետությամբ կատարվեց մեծահանդես թափոր՝ երկու անգամ Քրիստոսի սուրբ գերեզմանի և մեկ անգամ Պատա-նատեղիի շուրջ, ապա միաբանությունը վերադարձավ մայրավանք:









Comments