Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Jul 8, 2020
- 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Հին մանկություն
Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,
Գնում էինք Արփաչայը լողանում։
Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր՝
Շրջում էինք՝ անգիտությամբ բախտավոր։
Աշխարհն, ասես, սարի հետև, վերջանում...
Իջնող արևն իրեն հետ էր մեզ տանում...
Չգիտեինք՝ ո՞վ էր ժպտում, ո՞վ լալիս,
Ո՞վ էր մեզ հաց, ո՞վ մեր աչքին լաց տալիս...
Չգիտեինք, թե ո՞ւմ կուրծքն էր զարդարում
Ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում...
Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...
Comments