Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Jan 28, 2020
- 1 min read

ՄԵՏԱՔՍԵ
Քո դարձի ճամփին
Ձմեռն էր փռվել քո ճանապարհին
Սիրած աղջկա թաշկինակի պես,
Խիղճդ պաղ զենքի, արյան դեմ անմեղ
Մաքուր էր ձյունի փաթիլներն ինչպես,
Որ իջնում էին, այդ օրը կիսում՝
Դարձած շուշաններ, մատներ փափկասուն,
Դարձած մաղթանքի օրհներգ մի անձայն,
Որ անփորձ լիներ քո դարձի ճամփան...
Ձմեռն իր ճերմակ դրոշը բացել,
Մեղմ ծածանվում էր որպես պահապան,
Որ խաղաղ լիներ անաղարտ ճամփան,
Որով դու պիտի զինվոր գնայիր...
Անգամ ձեր այգու չինարին ջահել
Իր ձյունե քողով,
Քո համբույրները պահեց աչքերից,
Որ լուռ երդումի այրող խոսք որպես
Դրոշմում էիր սիրած աղջկադ
Շուրթերին անբիծ...
Քեզ բնությունն էր օրհնանքով օծում,
Որ այսպես անցնեն գարուններ լեցուն,
Ծով աշուններ գան,
Ու նամակներիդ կապը միշտ հյուսված
Ոսկե շղթայով՝
Դեպի ձեր գյուղը ձգվեր ապահով...
Բայց ո՞ւր ես հիմա, ի՛մ լավ հեռավոր,
Քո դարձի ճամփին թողիր ինձ մոլոր...
Comentários