Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Feb 21, 2020
- 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Նորից նույնն եմ մնացել
Նորից նույնն եմ մնացել, նույն հոգին իմ մանկունակ,
Բանաստեղծի խենթ սրտով ես ապրում եմ վերստին,
Իմ հույսերի պես անտուն մնացել եմ ես մենակ,
Եվ շատ վաղուց է հոգիս մտերմացել վշտերիս:
Նորից նույնն եմ մնացել, կյանքին հավերժ սիրահար,
Ցնորքներով եմ հաճախ ես իմ հոգին ողողել.
Ես չեմ ասել ոչ մեկին վիրավորող ոչ մի բառ.
Բայց կյանքն, ավաղ, իմ սրտում արցունքներն է իր թողել:
Նորից նույնն եմ մնացել, և միամիտ, և անչար,
Մթնշաղի ցողի պես ես հալվել եմ արևից,
Թեև կյանքն իմ եղել է տառապանքի մի անտառ,
Բայց մի աստղ է իմ գլխին միշտ շողացել վերևից:
Comentários