Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Apr 14, 2020
- 1 min read

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Թող աշնան մի օր, ուշ երեկոյան,
Օրվա հոգսերից թեթև դալկացած՝
Սպասեիր ինձ, ու ես չգայի,
Ու թարթիչներդ խոնարհվեին ցած:
Ու հոգիդ շոգեր ու հալչեր թաքուն,
Տագնապի լեզուն իմ անունը տար,
Գիշերը իջնե՜ր, նստեի՜ր անքուն,
Հավատայիր, որ չեմ կարող չգալ:
Եվ ուշ գիշերով՝ հարբա՛ծ, հոխորտո՛ւն,
Շվշվացնելով մի երգ անհեթեթ՝
Դուռը կոտրեի ու մտնեի տուն
Ինձանից խելառ ընկերներիս հետ:
Ու քե՛զ տեսնեի, իմ հավերժահա՜րս,
Անսահման սիրուց ապտակեի քեզ,
Ընկերներիս հետ բռնեի գրազ,
Որ տանն ինչ ունենք՝ հիմա կբերես:
Գինուց խենթացած սեր երգեի ես,
Քնից արթնանար մեր մանկիկը չար,
Երգիս խոսքերում միշտ հիշեի քեզ,
Եվ խոհանոցից լացիդ ձա՜յնը գար:
Գիշերը անցնե՜ր, երգս ցա՜վ դառնար,
Լո՜ւռ հավաքեիր սեղանը արագ,
Փորձեիր առանց խոսքի դառնանալ,
Իսկ ես... մեղավոր նայեի վրադ:
Comments