top of page

Պիեր Ժան Բերանժե «Աղքատ կին»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 12, 2021
  • 1 min read

Ցուրտը փչեց․ ձմեռ, սաստիկ․

Ձյունը ծածկեց գետինը․

Ամենայն մարդ մտավ յուր տուն,

Պատսպարվիլ ցրտիցը։

Ժամի դռնում դողդողալով

Կանգնած է մի աղքատ կին․

Նորա հանդերձը պատառ, պատառ,

Չունի շապիկ յուր հագին․

Անհամարձակ նա յուր ձեռքը

Պարզում է անց կացողին—

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Ձեզ, սիրելիք, ասե՞մ ով էր

Այս խղճալի աղքատը,

Այն ցրտումը, ոտաբոբիկ

Կանգնած, ժամի դռնումը․

Շատ ժամանակ դեռ չէ անցել,

Երբ նա փառքով ու պատվով

Ման էր գալիս փողոցներում

Յուր սեփական կառքերով․

Այժմ վախով նա յուր ձեռքը

Պարզում է անց կացողին—

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Մինչ թատրոնում հայտնվում էր,

Մինչ խաղում էր հանդիսում,

Դղրդում էր թեատրոնը,

Նա դափնիք շատ էր հնձում․

Ժողովուրդը հավաքվում էր

Մոտ թատրոնի պատշգամբին․

Չէր կշտանում նայել նորա

Քնքուշ չքնաղ երեսին․

Այժմ նորան չեն ճանաչում,

Մոռացել են բնավին—

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Ամենայն օր նորա դռնում

Կանգնած էին շատ կառքեր․

Միշտ հացկերույթ, ընթրիք, գինի,

Նվագարան ու տաղեր․

Ամենայն ոք ցանկանում էր

Լինել նորան բարեկամ․

Ամենայն ժամ նորան բաց էր

Շռայլ քսակը մեծատան․

Այժմ զրկված ամեն բանից,

Չունի անգամ հացի գին–

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Ամենայն օր յուր մարմինը

Անուշահոտ ջրերով

Լվանում էր, մազը սանրում

Կրիայի սանըրով․

Նա հագնում էր բեհեզ, կերպաս,

Դիպակ, թավիշ թանկագին․

Նա չգիտեր ի՞նչ ասել է

Արծաթի կարոտություն․

Այժմ անլվա, մազերն արձակ,

Չունի հագուստ թեև հին—

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Նորա շքեղ ննջարանում

Բնակվում էր Աստղիկը․

Նորա որդին փայփայում էր

Նորան ամբողջ գիշերը․․․

Ախտաբորբոք երիտասարդք

Յուրյանց անձը երջանիկ

Կը հաշվեին, թե լինեին

Նորա ձեռքում խաղալիք․․․

Այժմ փողոցում քնում է նա

Խոնավ պատերի տակին—

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


Ժամի դռնում նա կանգնած է,

Աչքերը կոր, վիզը ճուկ․

Նորա նախկին բարեկամքը

Չեն ասում նորան, «խղճուկ,

Ե՛կ դու մեր մոտ, մեք կամոքենք

Քո վիճակի դառնություն,

Կը թուլացնենք ճակատագրիդ

Խիստ հարվածի սաստկություն»։

Նա տանում է, տառապելով,

Այս սոսկալի վշտերին―

«Ողորմություն արե՛ք, պարոն,

Անտուն, անտեր աղքատին»։


© Պիեր Ժան Բերանժե

Թարգմանությունը՝ Միքայել Նալբանդեանի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page