Վահան Տերյան «Գարուն»
- Ներսեհ
- Jul 14, 2021
- 1 min read

Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին.
- Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՜ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
- Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
© Վահան Տերյան
Comentarios