Վահրամ Հաճյան - Աղոթք Մայրական
- Ներսեհ
- Dec 28, 2020
- 1 min read
Աղոթք Մայրական

Աղոթում է մայրս տխուր,
Ինքը՝ հավատք, ինքը՝ մի բուռ...
Աղոթում է, որ իր որդին,
Փորձանքներից հեռու մնա,
Դավ ու չարից զգուշանա,
Որ բերկրանքի բարի ոգին
Գոնե մի քիչ սիրտն իր բանա,
Եվ մի բաժին իր բաշխումից՝
Իր որդուն էլ չզլանա:
Աղոթում է մայրս տխուր,
Ինքը՝ հավատք, ինքը՝ մի բուռ...
Աղոթում է, որ իր որդու
Երգն ու երթը չխափանեն,
Նրա անբախտ, անտուն հոգու
Վերջին սյունն էլ չսասանեն, Երկինքներից աստղերը գան
Կործանումից նրան հանեն,
Սևն ու մութը սրտից վանեն:
Աղոթում է մայրս տխուր,
Ինքը՝ հավատք, ինքը՝ մի բուռ...
Աղոթում է մայրս տխուր,
Իր աղոթքում՝ հոգի ու սեր,
Իր աղոթքում՝ անհուն հույսեր,
Պաղատանքներ՝ չարտասանված:
Փրկության կանչ, խռովություն,
Աղիողորմ մի դառնություն...
© Վահրամ Հաճյան
Kommentare