Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ
- Aug 18, 2020
- 1 min read
ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

Առտու մը դեռ մթնշաղ՝
Կը ծավալվեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կը ժպտեիր լուսնո պես։
Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։
Սիրտս թռա՜վ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։
Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ'իշխեր գոնե տկար սրտիս.
Ուր որ երթամ, դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ… մահո՜ւ նետ։
Երբ անտառին խորըն նսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կը գտնես զիս,
Տերևներեն կխոսիս։
Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կը գտնես զիս,
Ալյաց մեջեն կը ժպտիս։
Երբ լեռները կը փախչիմ,
Որ չտեսնեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կը խոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս։
Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կը գտնես զիս,
Աստղերուն մեջ կը ժպտիս։
Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարյա՜վ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս։
© Պետրոս Դուրյան
Comments